211652_close_icon
views-count5872 դիտում article-date 16:58 26-07-2018

Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է. բնապահպանության նախարար

ՀՀ բնապահպանության նախարարության նախնական ուսումնասիրություններով՝ Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ առողջապահության նախարարության բարձրացրած խնդիրը՝ Սևանա լճում ջրիմուռների տարածման հետ, դիտարկվում է ոչ միայն մեր քաղցրահամ պաշարում, այլև այլ ջրային ավազաններում, մասնավորապես, Եվրոպայում գտնվող: «Մի քանի գործոններ են, որ գումարվել են իրար. նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ: Բնապահպանական հիմնական լայնածավալ ուսումնասիրությունները կիրականացնենք այս ամսվա վերջ, բայց մինչ այս՝ նախնական հետազոտությամբ՝ ազոտի ու ֆոսֆորի չափը նորմայի մեջ է»,-ասաց նախարարը: Նախատեսվում է, որ լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում: Առողջապահության նախարարությունը հուլիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, որով, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: «Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։ Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի»,-ասված էր հաղորդագրության մեջ: Ըստ բնապահպանության նախարարության հետազոտության արդյունքների` 2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար: «Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ): Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ)», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ: Սևանա լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 25-ի դրությամբ 5 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից` 1900.81 մ-ից, և կազմում է 1900.76 մ:

Նմանատիպ նյութեր