Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագիտության ուղղությամբ. Արման Նավասարդյան․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հոդվածը, որից ներկայցնում ենք հատված․
Ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկան կարևոր է մեզ համար: Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը և փորձում է զարգացնել բազմակողմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, որոնք նախկին իշխանությունների օրոք գտնվել են ցածր, խիստ ցածր, աննշան մակարդակի վրա: Չմտնելով նման փաստի պատճառների նրբությունների մեջ, ասենք, որ ներկա իշխանություններն ունեն բոլոր հնարավոր պայմաններն ու միջոցները այդ վիճակը շտկելու, հայ-ամերիկյան հարաբերություններին նոր շունչ և պատշաճ բովանդակություն հաղորդելու համար:
Եվ հակառակը, անգամ եթե ՌԴ-ի և ԱՍՆ-ի հարաբերությունները մնան ստագնացիոն վիճակում կամ գնան վատթարացման ճանապարհով, Հայաստանը որպես այդ երկուսի հետ բարեկամ երկիր, առաքելություն ունի նպաստելու իրավիճակի շտկմանը: Ի տարբերություն տարածաշրջանի մյուս պետությունների, Հայաստանը միակ անհրաժեշտ ստատուս-քվո ունեցող երկիրն է, որն ի զորու է դրան: Բացի այդ, թավշյա հեղափոխության հաղթանակը, ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը, հասարակության դեմոկրատացման գործընթացները, անհաշտ պայքարը կոռուպցիայի և քրեաօլիգարխիկ համակարգի դեմ Ամերիկայի հետ նոր տիպի համագործակցություն սկսելու ամենահուսալի կռվաններն են: Սակայն այս քաղաքական կուրսի իրացումը պահանջում է լավ հղկված, ճկուն և ժամանակակից դիվանագիտական հմտություն: Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագիտության ուղղությամբ: Ուղիղ, հորիզոնական կապերի հաստատում ամերիկյան ղեկավարության և քաղաքական ողջ համակարգի հետ: Միայն Մինսկի համանախագահների ամերիկյան ներկայացուցչի հետ համագործակցությունը բավարար չէ և չի ընդգրկում երկկողմ հարաբերությունների անհրաժեշտ շրջանակը: Մեր կարծիքով, իր մեջ թերություն է պարունակում նաև ամերիկահայության ողջ պոտենցիալը Վաշինգտոնի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչման խնդրի տակ դնելը: Ամենևին չժխտելով այդ խնդրի բարոյաքաղաքական կարևորությունը՝ հատկապես սփյուռքի համար, ժամանակն է հրաժարվել գործողության նման ձևաչափից, որն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մեղմ ասած, չի արդարացնում իրեն:
Հայկական արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու դեպքում, ինչի հրամայականը հիմա դառնում է անհետաձգելի, հուսով ենք, որ ամերիկյան քաղաքականության վեկտորը հատուկ տեղ կգրավի այդ փաստաթղթում:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային, հուսով ենք, առիթ կհանդիսանա ամերիկյան ղեկավարության հետ շփվելու և աշխատելու համար: Սա արդեն ԱԳՆ-ի, դեսպանության և սփյուռքի համար մեկ խնդիրը պետք է լինի: Երևի այդպես էլ կա:
Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]