Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից․ նախարար Պապիկյանն այցելել է Տավուշ
ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ հուլիսի 21-ին և 22-ին շրջայց է կատարել Տավուշի մարզում: Ճանաչողական այցի ընթացքում նախարարը եղել է մարզի խոշորացված, ինչպես նաև սահմանապահ մի շարք համայնքներում։ Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրվա ավարտին նախարարը եղել է նաև սահմանապահ Բերքաբեր համայնքում։ «Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից։ Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանապահ համայնքի բնակիչը չկտրվի իր հողից և կարողանա ապրել ու արարել այնտեղ»,- Բերքաբերի բնակիչներին է դիմել է նախարարը։
Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի հետ։ Խորհրդակցության ընթացքում խմելու և ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, ճանապարհաշինության հիմնախնդիրները։ Նախարարը ներկայացրել է սուբվենցիայի ծրագրերի միջոցով դրանք լուծելու կարևորությունը և արտերկրի հայ գործարարների ներուժը սահմանապահ համայնքներ ուղղորդելու հեռանկարները։