«Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների. խմբակցությունը քննարկում է դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը
«Ելք» խմբակցությունը գնում է քաղաքային իշխանությունը վերցնելու և պատրաստվում է արտահերթ ընտրությունների: «[url=https://armenpress.am/arm/news/940950.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Խմբակցության անդամներն ինչպես նախապես հայտարարել էին, չառաջադրեցին քաղաքապետի թեկնածու, չմասնակցեցին Երևանի ավագանու արտահերթ նիստին, սակայն նրանք քաղաքապետարանում էին և հետևում էին իրադարձություններին:
«Մենք չմասնակցեցինք ավագանու նիստին, որովհետև նախապես հայտարարել էինք, որ քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և արտահերթ ընտրությունների ենք գնում»,- նշեց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ հուլիսի 16-ին չկայացավ ավագանու արտահերթ նիստը, և թեկնածուն չընտրվեց, քաղաքի փաստացի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել:
«Կառավարությունը ավագանու արձակումից հետո երկու շաբաթվա ընթացքում ունենալու է հնարավորություն՝ նշանակելու արտահերթ ընտրության օր: Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։ Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, ապա արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի առաջին կեսին»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը, ում անունը որպես քաղաքապետի թեկնածուի շրջանառվում էր մամուլում, ասաց, որ ինքն այս պահին բացառել է իր առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու, և մնացածը ընթացիկ քննարկումները ցույց կտան։
Թեհմինե Վարդանյանն ընդգծեց, որ այժմ քննարկվում է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը։
«Մեզ համար ընդունելի են ավագանու արտահերթ ընտրությունները, մենք այլևս չենք պատրաստվում աշխատել ավագանու 46 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցության հետ»,- ասաց նա։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/940950.html]կայքում[/url]։