211652_close_icon
views-count20659 դիտում article-date 21:21 10-07-2018

«Տանը մնացած» գիրքը շուտով կհանձնվի ընթերցողի դատին

Գրող, հեռուստամեկնաբան Սարգիս Գոքորյանն ընթերցասերներին կներկայանա իր երրորդ՝ «Տանը մնացած» վերնագրով գրքով: Այն պատմություն է՝ չամուսնացած մի աղջկա մասին, ով ամեն կերպ փորձում է հարմար փեսացու գտնել, սակայն հաջողության չի հասնում: «Տանը մնացած» բառակապակցության ընտրությունը գրողի կամքով չէ, պարզապես պատմության մեջ լավագույնս նկարագրված են ոչ միայն հերոսուհու ապրումները, այլև նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Արձակ ժանրում այս ստեղծագործությունը քաղցր ու միևնույն ժամանակ դաժան պատմություն է՝ համեմված հերոսներին հանդիպած բոլոր դժվարություններով, որոնք պատմությունն ավելի դինամիկ են դարձնում: Ստեղծագործության հիմքում կրկին զգացմունքներն են, որոնք ստիպում են անել ճակատագրական քայլեր: Ըստ հեղինակի՝ պատմության առանձնահատկությունը նրանում է, որ հերոսուհու կերպարի մեջ հնարավորինս առատ են ներկայացված այն աղջիկների ապրումները, ովքեր շտապում են ամուսնանալ, կամ պարզապես չի հաջողվում դա անել, բացի դա գիրքը հատկապես հայ ընթերցողի համար է, որովհետև բազմաթիվ ակնարկներ կան՝ մեր առանձնահատկությունների մասին, որոնցից մի քանիսը գրողը ենթարկում է խիստ քննադատության: «Տանը մնացած» գիրքը հատուկ թիրախներ չունի. գրքում առկա նկարագրություններն ու իրավիճակները ծանոթ են բոլորին և միևնույն ժամանակ՝ խիստ անծանոթ, քանի որ հեղինակին հաջողվել է լույս աշխարհ բերել նաև այնպիսի մտքեր ու ծանր ապրումներ, որոնք հաճախ խնամքով թաքցվել են: Գիրքը կստիպի վերանայել «Տանը մնացած» բառակապակցության գործածումն՝ առհասարակ և վերջապես կպատասխանի մի շարք՝ վաղուց անտեսված, բայց շատերի կյանքը կամ օրը փչացնող հարցերի: Գիրքն ընթերցելուց հետո գուցե այլևս չհարցնենք՝ ե՞րբ ես ամուսնանում: Գրողի նախորդ գրքերն են՝ «Առանց Նախապայմանների» և «Չորս կյանք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր