Դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Թեհրանի համալսարան, ներկայացրել գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ-ի վերջին ձեռքբերումները
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 1-ին այցելեց Թեհրանի համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ ռեկտոր Մահմուդ Նիլի Ահմադաբադիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ վերջին տարիների ձեռքբերումները, մասնավորապես, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ունեցած առաջընթացը:
Թեհրանի համալասարանի ռեկտորը խոսեց իր ղեկավարած հաստատության կառուցվածքի և այլ երկրների հետ համագործակցության փորձի ու հնարավորությունների մասին: Այս համատեսքտում կողմերը քննարկեցին համալսարանական համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձան համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու, ուսանողների և դասախոսների փոխանակության, գիտաժողովներ և տարբեր ձևաչափերով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությանը:
Երկկողմ համագործակցության ներուժի բացահայտման և փոխճանաչողության մակարդակի բարձրացման նպատակով կողմերը կարևորեցին երկու երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչների փոխայցելությունները: