211652_close_icon
views-count5863 դիտում article-date 23:23 29-06-2018

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է գերմանացի փորձագետներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին: Ներկա էին նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահները, վարչական մասնագիտացման դատավորներ: «Այսօր դատական իշխանության կարևորագույն մարտահրավերներից է արդարադատության անհամաչափ օգտագործումը, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսատարության». այս կնճռոտ հարցի շուրջ էլ մեկնարկեց քննարկումը: Անդրադառնալով խնդրին՝ պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ վարչական մարմնի նշանակված տուգանքի (մասնավորապես ՃՈ կողմից) վիճարկման գործեր քննելիս՝ պետությունը հաճախ մոտ տասն անգամ ավելի ծախս է կատարում ի համեմատ վիճարկվող տուգանքի, մանավանդ, որ արդարադատական այդ գործընթացը կանխարգելիչ բնույթով էական ազդեցություն չի ունենում նմանօրինակ զանցանքների հնարավոր կանխման առումով: Խնդրի լուծման իրենց տարբերակն առաջարկեցին գերմանացի փորձագետները՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում հաճախ ՃՈ ակտերի վիճարկման գործերը համարվում են փոքր քրեական գործեր և դուրս են վարչական դատարանի իրավասությունից կամ պարզ իրավախախտումների դեպքում բավարար է նախազգուշացում կիրառելը: Վարչական հաշտարարության ներդրումը ևս կնպաստի վարչական վեճերի արտադատական լուծմանը: Փորձագետների համոզմամբ՝ օրենսդրության վերանայման կարիք ևս կա: Օրինակ, Գերմանիայում սոցիալական նպաստի գործերով վեճերի քննությունն անվճար է, մինչդեռ Հայաստանում՝ հակառակը, ՃՈ ակտերի վիճարկումն անվճար է, իսկ սոցիալական նպաստների վեճերով գանձվում է պետտուրք: Ինչ վերաբերում է վարչական ակտերի բողոքարկման ինստիտուտին, գերմանացի փորձագետների ներկայացմամբ, միջազգային պրակտիկայում ցածր է բողոքարկման աստիճանը: Եվրոպական իրավունքի և պարկտիկայի տեսանկյունից` հաճախ բավարար է բողոքարկման մեկ կամ երկու ատյանը, այսինքն՝ կարելի է օգտվել սահմանափակ բողոքարկման դատավարական ինստիտուտից: Կողմերն արձանագրեցին, որ անհրաժեշտ է ներդնել նաև վարչական բողոքարկման գործուն կառուցակարգ, և բողոքարկման հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն ոչ թե ոստիկաններ, այլ քաղաքացիական հասարակության և փաստաբանության ներկայացուցիչներ: Քննարկման առարկա դարձավ նաև վարչական դատավորների և ոստիկանների համար համատեղ սեմինարների կազմակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե երբ է պետք տուգանել, երբ՝ նախազգուշացնել: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչական արդարադատություն իրականացնելիս փոստային ծառայությունների ծախսատարության, ոչ օպտիմալ դատական տարածքների, ինչպես նաև վարչական արդարադատության հետագա զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումներ և օրենսդրական հնարավոր կարգավորումներ պահանջող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր