ՀՀ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ՄԻՊ փորձագետների
Հունիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետներ Աննա Մարգարյանին և Արա Ղազարյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը:
Քննարկվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության և Քրեակատարողական ծառայության համագործակցությունը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացի շրջանակներում: Հնչեցին տեսակետներ ներդրվելիք համակարգում առկա խնդիրների, նոր որդեգրված աշխատաոճի, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ եկող հարցերի, միջազգային փորձի կիրառման շուրջ:
Հանդիպում-քննարկման ընթացքում կողմերն անհրաժեշտ համարեցին քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար աշխատատեղերի ստեղծումը և Ծառայությունում արհեստավարժ մասնագետների հաստիքների համալրումը:
Փորձագետները շնորհակալություն հայտնեցին պարզաբանումների, հնչած կարծիքների, ծառայության կողմից առաջարկված նպատակահարմար փոփոխությունների համար:
Հանդիպման վերջում ծառայության պետ Արտյոմ Մխոյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները համապատասխան հարցերի շուրջ:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին
[/b]