211652_close_icon
views-count3000 դիտում article-date 10:21 20-06-2018

«Դատարանի ընկեր». քննարկվեց նոր ինստիտուտի դերը՝ որպես ժողովրդավարական կառույց

Հունիսի 15-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անցկացվեց հանդիպում-քննարկում «Դատարանի ընկեր» ինստիտուտի հասկացության և Հայաստանում դրա ներդրման հնարավորության վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցում էին դատական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը ներկայացրեց, որ «դատարանի ընկեր» ինստիտուտը դատական պրակտիկայում երկու նպատակ ունի՝ առաջին, երբ հանրության համար մեծ կարևորություն ունեցող կամ վիճահարույց հարց քննելիս օգնել գործը քննող դատարանին առավել ժողովրդավարական և հանրության համար ընդունելի ակտ կայացնել: Եվ երկրորդ՝ ապահովել հասարական հնարավորինս լայն շրջանակների ներգրավածություն դատական գործընթացներին և դատական պրոցեսներում մասնագիտացված կառույցների ներուժն օգտագործել՝ դատարանին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նարեկ Ենոքյանը խոսեց որպես դատարանի ընկեր մարդու իրավունքների պաշտպանի դերի մասին և ներկայացրեց միջազգային փորձը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Վանուհի Փայտյանը նշեց, որ Պաշտպանն իրավունք չունի միջամտել դատավարական գործընթացներին և միայն իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ օրենքների մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին համապատասխանության հարցով: Ծրագրի իրավաբան-փորձագետ Մերի Հարությունյանը խոսեց որպես դատարանի ընկեր՝ հասարակական կազմակերպությունների դերի մասին և ներկայացրեց միջազգային փորձը: Քննարկման ժամանակ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից Մարգարիտ Ամյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք կան պրակտիկ օրինակներ, երբ հասարակական կազմակերպությունը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատարանի ընկեր կամ amicus curiae: Մերի Հարությունյանը ներկայացրեց, որ «Տատյանա Ռոմանենկոն ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ի քննությանը ենթակա լինելու կապակցությամբ իրավական եզրակացություններ են տվել «Բաց հասարակության իրավական նախաձեռնություն» և Մոսկվայի «Մեդիա Իրավունքի ինստիտուտ» ՀԿ-ները: Ավելին, այդ դիտարկումները ներառում են Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Հնդկաստանի դատական պրակտիկան: Քննարկման արդյունքում մի շարք դիտարկումներ և առաջարկություններ եղան ինստիտուտի դրական և բացասական կողմերի վերաբերյալ, որոնք կհամակարգվեն և հետագայում նոր քննարկումների առարկա կդառնան, կհստակեցվենինստիտուտի ներդրման համար ներկայիս խոչընդոտները և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կարվեն: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր