211652_close_icon
views-count53938 դիտում article-date 22:11 17-06-2018

Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք հայտնաբերելու մասին։ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։ 2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։ Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված և առևանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առևանգման հանգամանքների, կատարողների և կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց։ Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առևանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաև ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։ Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առևանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր