«Հարսանիք թիկունքում». Գյումրիից Աննա Հակոբյանը հեռացավ հուզված. ՖՈՏՈՇԱՐՔ
Հունիսի 8-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսի շարքերում ներկա էին նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանն ու իր որդի Աշոտ Փաշինյանը, ՀՀ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը, մշակույթի փոխնախարար՝ Նազենի Ղարիբյանը, Շիրակի նորանշանակ մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար՝ Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ նախկին պատգամավոր՝ Մարտուն Գրիգորյանը և մի շարք մշակութային գործիչներ։
Ներկայացման սկզբում Աննա Հակոբյանը լրագրողներին խոստացավ խոսել վերջում, սակայն ինչպես նշեց նա. «Ես, ճիշտ է, խոստացա որ ներկայացման վերջում կխոսեմ, բայց չեմ կարող ոչ մի բան ասել»։
Հուզված ե՞ք,-հարցին նա պատասխանեց. «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բառ ասել սա համարեք ներկայացման գնահատականը»։ Իսկ Լիլիթ Մակունցը խոստովանեց. «Ես ցնցված եմ ։ Ամբողջ ներկայացման ընթացքում չկարողացա զսպել արցունքներս , նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել և դա նորմալ է։ Վերապրեցինք կրկին այդ չորս օրերը»։
Ներկայացումից հետո նրանք իրենց տպավորությունները փոխանցեցին թատրոնի արտիստական կազմին։
Շատերը թաց աչքերով ընդհամենը շնորհակալություն հայտնեցին ստեղծագործական կազմին, իսկ մնացյալն էլ նշեցին, որ այն ծանր ողբերգությունը, որ քառօրյայի օրերին ապրվեց թիկունքում՝ բեմում աճեմյանցիները ներկայացրեցին հավաստի ու առանց ավելորդ պաթոսի։ Առավել մեծ գնահատանքի է արժանի թեմայի գեղարվեստական մոտեցումը, համախմբվածության գաղափարի շեշտվածությունը և ապագայի հանդեպ ունեցած հավատը։
«Հարսանիք թիկունքում» ներկայացումը Գյումրի է բերում հարյուրավոր հանդիսատես ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության տարբեր մարզերից։
Գյումրու դրամատիկականը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանի և ՀՀ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցի համատեղ պայմանավորվածության արդյունքում, սեպտեմբեր ամսին մեկ շաբաթյա հյուրախաղերով կմեկնի Արցախ, այնուհետև ներկայացման հյուրախաղերը կլինեն նաև Հայաստանից դուրս։