211652_close_icon
views-count39329 դիտում article-date 14:46 30-05-2018

Առողջապահության նախարարը պատրաստվում է դիմել ԱԱԾ

Հայաստանում առողջապահության ոլորտում նախատեսվում են կադրային փոփոխություններ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարն առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիայի վերաբերյալ գրառում էր կատարել և ասել, որ սկսելու է տալ տարբեր ռազմավարական ծրագրեր տապալած անձանց անուններ: Ճեպազրույցի ժամանակ նա ընդգծեց, որ քրեական գործերի հիմքեր լինելու դեպքում կհարուցվեն քրեական գործեր: «Երբ լինեն քրեական գործեր, դրանց մասին մենք կտեղեկացնենք անպայման, բայց հիմա, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ցանկանում անուններ տալ: Կարող եմ միայն ասել, որ դրանք կլինեն շատ մեծ հիվանդանոցների հետ կապված: Ես հենց առաջին օրերին մի քանի դեպքի մասին արդեն իսկ նշել էի` առողջարանների, հակատուբերկուլյոզային դիսպանսերի վերաբերյալ: Անունները կնշվեն այն ժամանակ, երբ կունենանք փաստաթղթային հանգամանքներ, այսինքն` պարզապես մեղադրանքներ չեն հնչելու: Բոլորս էլ շատ մարդկանց անուններ կարող ենք ասել, բայց քանի որ մենք ցանկանում ենք կառուցել իրավական պետություն` պետք է ունենանք փաստեր: Այդ ամենի համար մենք ուսումնասիրություններ ենք կատարում` պետական առողջապահական գործակալությունը, տեսչությունն այս պահին էլ ստուգումներ են իրականացնում: Արդյունքները հետո ուղարկվելու են Ազգային անվտանգության ծառայություն, այսօր էլ պատրաստվում եմ երկու նամակ ուղարկել»,- շեշտեց Արսեն Թորոսյանը: Վերջինս մայիսի 29-ին գրառում էր արել առ այն, որ առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիան վերացնելու իրենց քայլերին որոշ մարդիկ ցանկանում են հակահարված տալ: Նա գրել էր. «Չի ստացվելու: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ արտոնյալ չի լինի` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապերից: Երևի, սկսեմ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ արդեն»:

Նմանատիպ նյութեր