Առողջապահության նախարարը դիմել է ԿԳՆ-ին կլինիկական օրդինատուրայի տեղերն ավելացնելու համար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է մարզերում բժիշկ-մասնագետների պակասի խնդրին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նամակով և բանավոր դիմել է ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն:
«Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում: Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում»,- նշել է Առողջապահության նախարարը: