ԵՊՀ ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԵՊՀ ռեկտորի հրաժարականը և այլ պահանջներ ներկայացնող «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը։
«Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,-գրել է նա:
Հիշեցնենք, երեկ առավոտյան Երևանի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ «ԵՊՀ տոտալ ռեստարտ» խորագրով ակցիա սկսեցին՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում:
Ռեկտորը համաձայնեց հանդիպել ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ Սիմոնյանը պնդեց, որ իր հրաժարականի պահանջը իրավաչափ չէ: Ռեկտորի ինքնազգացողությունը վատացավ, նրան տեղում բուժօգնություն ցուցաբերվեց: Նույն օրը ավելի ուշ Արամ Սիմոնյանին տեղափոխել են հիվանդանոց: