Դավթաշենի սեփական տների բնակիչները դարձյալ Դավթաշեն - Աշտարակ արագընթաց մայրուղու նախագծից են բողոքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դավթաշենի սեփական տների բնակիչները դարձյալ Դավթաշեն - Աշտարակ արագընթաց մայրուղու նախագծից են բողոքում: Ասում են, եթե շինարարությունը ներկայացված նախագծով կատարվի, փակուղում են հայտնվում, կտրվում Հալաբյան փողոցի հետ ուղիղ կապից:
Մայրուղու շինարարությունից հետո այս թաղամասի բնակիչենրը պետք է մոտ 500 մետր գնան դեպի Աշտարակ, շրջադարձ կատարեն, մոտ այդքան էլ վերադառնան, որ Հալաբյան փողոցում հայտնվեն:
Դավթաշենցիներն իրենց խաբված են զգում: Ասում են, մոտ վեց ամիս է արդեն անհարմարություններ կրում են՝ տրանսպորտի հետ կապված: Նախկինում սեփական տների մոտով էին անցնում մայրաքաղաքի մյուս շրջաններ տանող երթուղայինները: Հիմա բավական երկար ճանապարհ քայլում են, որ տրանսպորտից օգտվեն: Ապագայում էլ, հազիվ թե, այդ հատվածով երթուղային անցնի:
Թեպետ խոստացել են, բայց բնակիչները չեն վստահում:
Հալաբյանի հետ ուղիղ կապ ունենալու բնակիչների առաջարկը քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նմանատիպ ճանապարհները խաչմերկուներ ունենալ չեն կարող:
Սեփական տների բնակիչներին այսօր տարածքային կառավարման փոխնախարարն ընդունեց: Ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդականն ու օգնականը: Դավթաշենցիների բարձրացրած երեք հիմնական պահանջներից երկուսը լուծելի է: Անլուծելին՝ Իոսիֆյան-Հալաբյան ուղիղ կապն է:
Բնակիչներն իրենց տարբերակներն առաջարկեցին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին քննարկել, հնարավոր լուծումներ գտնել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի