Հայ եկեղեցին ապրիլյան քառօրյայից հետո 59 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերել տուժածներին
Հայ Առաքելական եկեղեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ծրագրերի ու կառույցների միջոցով Արցախին, արցախցի տարհանվածներին և սահմանապահ զինվորների ընտանիքներին տրամադրել է 59 միլիոն դրամ (125 000 ԱՄՆ դոլար) արժողությամբ դեղորայք, բուժպարագաներ, պարենային և իրային օգնություն:
Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած տեսանյութից:
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Քառօրյա պատերազմում զոհվեցին ոչ միայն զինծառայողներ, այլև ադրբեջանական զինուժը վայրագություն ցուցաբերեց ԼՂ քաղաքացիական բնակչության հանդեպ: Հայկական կողմից զոհերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 100-ի, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը դպրոցի ճանապարհին: