Զիդանի «Ռեալը» 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» և 3-րդ անգամ անընդմեջ, ու ընդհանուր 13-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Հանդիպումը անգլիացիները շատ ավելի ակտիվ սկսեցին, մեծ ճնշում գործադրելով մրցակցի վրա, սակայն 24-րդ րոպեին «Լիվերպուլին» իսկական դժբախտություն պատահեց. Սերխիո Ռամոսի կեղտոտ գործողությունից հետո վնասվածք ստացավ մերսիսայդցիների առաջատար Մոհամեդ Սալահը, որը արցունքներն աչքերին լքեց խաղադաշտը:
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, հիմնական իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: Չգիտենք, անեծք է դա, թե՝ կարմա, բայց հերթական դարպասապահն է «Ռեալի» հետ խաղերում հրեշավոր սխալ թույլ տալիս. «Լիվերպուլի» դարպասապահ Կարիուսը պարզապես գոլ նվիրեց Բենզեմային:
Դրանից հետո Սադիո Մանեն կարողացավ հավասարեցնել հաշիվը: Շուտով Զինեդին Զիդանը խաղադաշտ մտցրեց Գարեթ Բեյլին, որին էլ բախտ էր վիճարկված դառնալ հանդիպման հերոսը: Նախ, դաշտ մտնելուց ընդամենը 2 րոպա անց Բեյլը ֆանտաստիկ, հրաշք գոլի հեղինակ դարձավ՝ մկրատաձև բարդ հարվածով թիմին առաջ մղելով: Մի փոքր անց Բեյլը նորից գոլի հեղինակ դարձավ. այս դեպքում գոլի համահեղինակը «Լիվերպուլի» դարպասապահ Կարիուսն էր, որը Բեյլի ոչ այնքան վտանգավոր հարվածը անշնորհք կերպով ուղղեց սեփական դարպասը՝ 3:1:
«Ռեալը» հաղթեց՝ շնորհիվ իր ավելի բարձր կատարողական վարպետության, ավելի բարձրակարգ խաղացողների, և ավելի սառնասիրտ գործողությունների: Բրավո, «Ռեալ», բրավո, Զիդան:
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, Կիև
«Ռեալ»-«Լիվերպուլ»՝ 3:1
Բենզեմա, 51, Բեյլ, 64, 83 – Մանե, 83