3121 դիտում
17:23 26-05-2018
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվել է ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրգործ հարուցելու հիմքերի պարզման կանոնների ուղեցույց
Այս տարվա հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասը, համաձայն որի, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազն իրավասու է հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ մշակվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավանորմը կիրառելու ուղենիշային մի շարք կանոններ, որոնք պետք է դատախազների կողմից պարտադիր պահպանվեն՝ ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի յուրաքանչյուր դեպքի ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս:
Ըստ այդ կանոններն ամփոփող ուղեցույցի՝ որպես ընտանեկան բռնության առերևույթ հանցագործության հատկանիշներ պետք է դիտարկվեն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ այլ բռնի արարքի վերաբերյալ առկա տվյալները: Նույն օրենքը սահմանում է նաև թե ովքեր են ընտանիքի անդամները:
Ուղեցույցով նախատեսվում է, որ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը: Այդ նպատակով, հաղորդումը ստուգելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողություններից բացի, հաղորդման ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպվելու է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության հարցում:
Ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը գնահատելու նպատակով ստուգվելու է բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումների առկայությունը: Իսկ որպես անօգնական պետք է դիտարկել յուրաքանչյուր այնպիսի վիճակ, որի պարագայում ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության պատշաճ կատարման հրամայականից ելնելով՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության յուրաքանչյուր դեպքում վերջինիս վիճակը գնահատվելու է որպես անօգնական:
Յուրաքանչյուր այն դեպքում, երբ ստուգման արդյունքում կպարզվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստ, դատախազի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր լիազորությունը պետք է գործադրի պարտադիր, այլ ոչ թե՝ հայեցողաբար: Իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է նշվեն այդ փաստի և փաստարկների վերաբերյալ տվյալներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1411 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ