ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը
                        ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մայիսի 25-ին,  ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը:
	Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Պաշտպանի աշխատանքը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ և այլն։ ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել այդ օրերին Պաշտպանի աշխատանքը և նշել են, որ իրենց հայտարարություններում այն նույնպես հաշվի են առել։
	Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների  շարունակական ամրապնդման  գործում:
	Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և հետագա համագործակցության հնարավորությունները:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

