4979 դիտում
15:27 12-05-2018
Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողները
Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթում կրտսեր և ավագ ենթախմբերում մրցանակներ հանձնվեցին երրորդ, երկրորդ և առաջին տեղերի համար: Մրցույթի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը անցկացվեցին մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը` Հայաստանի կոմպոզիտորների միությունում:
«[url=https://armenpress.am/arm/news/933255.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` կրտսեր խմբում երրորդ տեղը զբաղեցրեց Էդուարդ Ալեքսանյանը, երկրորդ մրցանակին արժանացավ Սյուզաննա Աղամալյանը, իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց իննամյա Աշճյան Արաքսը, ով խոստովանեց` վստահ էր, որ հաղթելու է: Արաքսի խոսքով` ինքը շատ է սիրում Լյուդվիգ Վան Բեթհովենի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները:
Ավագ խմբում երրորդ մրցանակը հանձնվեց երկու ստեղծագործողների` Արսեն Բոյաջյանին և Հայկ Մելքոնյանին: Երկրորդ տեղը գրավեց Լեո Բաղդասարյանը, իսկ առաջին մրցանակին արժանացավ Ալեքսանդր Տոնիկյանը: Նա վստահեցրեց, որ մրցույթն ինքնաարտահայտվելու, ուժերը մյուսների հետ համեմատելու հիանալի հնարավորություն է տալիս:
Խրախուսական մրցանակ տրվեց Արինա Վարդանյանին, իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ Մոնիկա Սարգսյանը:
Մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը շեշտեց, որ հերթական անգամ ականատես եղան այն գեղեցիկ երևույթին, որ կոչվում է տաղանդավոր սերունդ: Նրանք եկան ապացուցելու, որ հայ կոմպոզիտորների դպրոցի արժանի շարունակողներն են: Մակարյանն ասաց, որ այս տարի մրցույթը նվիրված էր Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները, բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, ներկայացրել են նաև մեկ երգ` նվիրված քաղաքամայր Երևանին։
Լավագույն երգի հեղինակը` Լեո Բաղդասարյանը, պարգևատրվեց Երևանի քաղաքապետի պատվոգրով:
Կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Արամ Սաթյանն ընդգծեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հայտեր են ստացել նաև Գերմանիայից և Ռուսաստանից: «Շատ հետաքրքիր երեխաներ են, և ես հուսով եմ, որ նրանք մեծ ապագա կունենան: Պետք է նշեմ, որ այս մրցույթը խթանում է ստեղծագործող երեխաների զարգացմանը»,-եզրափակեց նա:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Հայրապետյանը, Արզաս Ոսկանյանը, Երվանդ Երկանյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթն իրականացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
22:42 27-01-2024
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը
2240 դիտում
16:39 13-05-2016
Ամփոփվել է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթը. լուսանկարներ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»