211652_close_icon
views-count19606 դիտում article-date 11:58 07-10-2017

Սևանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել. կարտոֆիլի բերքը տուժել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել: Ցրտահարությունից վնասներ է կրել Լճաշեն համայնքը: Այստեղ կարտոֆիլի բերքն է վնասվել: Լճաշենում դեռ կարտոֆիլի մասսայական բերքահավաքը չի սկսվել: «Ջերմաստիճանն իջել է մինչև չորս աստիճան, կարտոֆիլը ցրտահարվել է: Ջուրը սառել էր, բնականաբար, այն բույսը, պալարը, որը հողի մակերևույթին ավելի մոտ է գտնվում, ցրտահարվել է: Տնամերձ հողամասերում մի քիչ մշակաբույսեր կան, դրանք էլ են տուժել»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը: Լճաշենում այս տարի 100 հեկտար կարտոֆիլ են մշակել: Այստեղ ցրտահարությունից կրած վնասի չափը դեռ կեսօրից հետո կճշտեն, երբ ջերմաստիճանը բարձրանա: Կորյուն Մարգարյանն արդեն շրջել է դաշտերով: Իր աչքաչափով կարտոֆիլի բերքը 20-30 տոկոսով տուժել է: Նա վաղ առավոտյան նաև հարևան համայնքների ղեկավարների հետ է կապ հաստատել՝ տարածաշրջանում ցրտահարություն է եղել: Գեղարքունիքի մարզում գյուղացին հասցրել է հողից հանել կարտոֆիլի բերքի ընդամենը 10-15 տոկոսը։ Օրեր առաջ Գավառում ու հարակից շրջաններում տեղացած ձյունը նույնպես մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Խնձորը ցրտահարվել է՝ ձյան ծանրությունից էլ մեծ թվով պտղատու ծառեր ջարդվել: Եղանակային անբարենպաստ պայմաններից Գեղարքունիքի մարզն այս տարի աչք չի բացել: Այստեղ նախ գարունն ուշացավ, հետո երկարատև երաշտ էր: Անբարենպաստ եղանակի պատճառով էլ այստեղ գրեթե աշնանացան չեն կատարել, իսկ հիմա էլ ձյունն ու ցուրտը գյուղացուն դժվարին կացության մեջ դրեցին: Տեղում հանձնաժողովներ են կազմվել՝ բնական աղետի հասցրած վնասները ճշտելու նպատակով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր