211652_close_icon

Գերմանիայում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով ժամանել է Հալե քաղաք՝ մասնակցելու գերմանա-հայկական ֆորումին

views-count6334 դիտում article-date 18:26 10-05-2018
Մայիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով գտնվում էր Հալե քաղաքում՝ մասնակցելու գերմանա-հայկական ֆորումին, որի նպատակն է խթանել և ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը։ Ֆորումի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով Հալե քաղաքի “Էլիզաբեթ” գիմնազիայի ավագ դասարանների սաների առջև: Իր զեկույցում դեսպանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Աշոտ Սմբատյանը հանգամանալից ներկայացրեց հայաստանյան կրթական ոլորտի առանձնահատկությունները, Հայաստանում արտերկրի ուսանողների ուսանելու լայն հնարավորությունները: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը: Միջոցառման ավարտին Բունդեսթագի պատգամավոր Կարամբա Դիաբին և դեսպան Սմբատյանը ծաղկեպսակ զետեղեցին Հալե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Տեղեկանք․ Հալե քաղաքի “Էլիզաբեթ” գիմնազիան երկարամյա համագործակցության փորձ ունի երևանյան դպրոցների հետ, որի շրջանակներում կազմակերպվում են փոխայցեր, աշակերտների փոխանակման ծրագրեր:

Նմանատիպ նյութեր