211652_close_icon
views-count26839 դիտում article-date 16:04 23-04-2018

Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է. «Վեհափառ Տե՛ր, Արցախի հարգարժա՛ն նախագահ, պարո՛ն վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք այս հանդիպման իմ խնդրանքին: Վաղը Ապրիլի 24-ն է՝ մեր ժողովրդի համար սուրբ օրը: Օր, որ 100 տարուց ավելի մեր ողջ ժողովուրդը նշել է որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և մեր ազգային ողբերգության օր: Սակայն այս օրերը թեժ են՝ երկրի տարբեր մասերում կան ցույցեր, Երևան քաղաքն անհանգիստ է: Ճիշտ է, սրանք մեծ մասամբ խաղաղ ցույցեր են, սակայն այս լարված վիճակը նաև պայթյունավտանգ է: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը կոչով դիմել է և՛ ժողովրդին, և՛ իշխանություններին, և՛ ոստիկանությանը, որպեսզի կարողանանք ամբողջապես պահպանել խաղաղ վիճակը՝ խաղաղ ցույցեր և խաղաղ արձագանք այդ ցույցերին: Սակայն վաղը Ապրիլի 24-ն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա ու գնահատի վիճակի և պահի զգայունությունը, կարևորությունը: Օր է, երբ հայերը՝ ինչպիսին էլ լինեն, մեզնից յուրաքանչյուրը ինչպիսի քաղաքական կարծիք էլ ունենա, հանգստություն կամ անհանգստություն, այդ օրը՝ այդ սուրբ օրը մենք չենք կարող վտանգի ենթարկել: Հետևաբար, խնդրել եմ, որպեսզի հավաքվենք, որպեսզի մեկ անգամ ևս կոչով դիմենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի բոլորս միասին հարգենք Ապրիլի 24-ը՝ մեր զոհերի հիշատակը: Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Եթե մենք չկարողանանք համախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին, անկախ մեր բոլոր տարբերություններից, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը և մեր ժողովրդին: Հետևաբար, հրավիրել եմ ձեզ հանդիպման, որպեսզի համաձայնվենք կոչով դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհասփյուռ և հայրենիքում, որպեսզի մեր բոլոր տարբերությունները, կարծիքները գոնե մեկ օրով մի կողմ դնենք, միավորված լինենք այդ սուրբ օրվա և մեր ազգային պայքարի շուրջը և դրանից հետո՝ գուցե ամսի 25-ից սկսած, նորից անցնենք մեր խնդիրների լուծմանը: Իսկ այդ խնդիրները, ինչպես ասել եմ մի քանի անգամ, ունեն մեկ լուծում՝ երկխոսություն, բանակցություններ»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: «Ես կարծում եմ, որ ոչ միայն մեզնից յուրաքանչյուրը, այլ յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ բիծ ապրիլի 24-ի օրվա վրա, ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես երբեք չլինի: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ օրը կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր սրբադասված հայրենակիցների հիշատակին»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը: «Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի զավակների համար սուրբ ու նվիրական է ապրիլի 24-ը: Եվ տասնամյակներ շարունակ մենք աղոթքով բարձրացել ենք Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներ՝ մեր խոնարհումը բերել նրանց հիշատակին: Վաղը, նույնպես համոզված եմ, որ ազգիս յուրաքանչյուր զավակ պատասխանատվության զգացումով, զգոն, սթափ վիճակով, իր հոգում աղոթք պիտի բարձրանա հուշահամալիր և իր հարգանքը մատուցի, իր խոնարհումը բերի, հայցի սրբերի բարեխոսություն, որպեսզի մեր հայրենիքը շարունակի բնականոն կյանքով առաջ ընթանալ և անվտանգ դարձնել մեր ժողովրդի կյանքը, հաստատուն, ամուր, կայուն՝ հայոց պետականությունը: Եվ այս մաղթանքը, այս աղոթքը նվիրական պետք է լինի յուրաքանչյուր հայորդու համար, որ պիտի հնչի Ծիծեռնակաբերդի բարձունքից»,-ասել է Վեհափառ Հայրապետը: «Մեծարգո՛ նախագահ, Եվ՛ ես, և՛ Արցախի ժողովուրդը ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը, և ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը համարժեք կընկալի այս նախաձեռնությունը և կցուցաբերի այդ անհրաժեշտ վերաբերմունքը»,-ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Մեծարգո՛ նախագահներ, Հարգարժա՛ն վարչապետ, Վեհափա՛ռ Տեր, Սիրելի՛ գործընկերներ, Ես ուզում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել ձեզ, որ երեկ գիշերը, վերադառնալով արտասահմանից, անմիջապես այցելեցի և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Արարատ Միրզոյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին: Առաջինը, որ կոչ արեցի, որին միանշանակ կողմ եմ, ինչ այստեղ հնչեց՝ ապրիլի 24-ը մեր միասնության օրն է, դա մեր սուրբ օրն է, և մենք բոլորս պետք է միասին լինենք: Ես առաջարկեցի, որ այսօրվանից սկսած մենք սկսենք մեր գործընթացը՝ նստենք սեղանի շուրջ՝ շատ մանրամասն բացատրելով իրական նպատակներն ու սպասելիքները բոլորի համար՝ ժողովրդի համար, որովհետև այն, ինչ մենք պետք է անենք, մենք ժողովրդի համար ենք անելու: Այսօր էլ հանդիպեցի «Ելք»-ից պատգամավորի, որին խնդրեցի, որ ինքն իր գործընկերներին կոչ անի, որ մենք, սեղանի շուրջ նստելով, այդ ժամանակահատվածում դադարեցնենք հավաքները, որպեսզի կարողանանք հանգիստ, առանց որևիցե ճնշման գնանք, ստեղծենք այն ճանապարհային քարտեզը, որով կարող ենք առաջ գնալ և հանգուցալուծում ունենալ: Այսինքն՝ այսօրվանից սկսած մենք այս առաջարկը պետք է արդեն տանենք առաջ»,-ասել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ապրիլի 24-ի հետ կապվածը այլընտրանք չունի, և ես չեմ կարծում, որ որևիցե հայ համակարծիք չլինի Ձեր ասածի հետ: Ես ողջունում եմ Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությունը, և դա ևս մեկ անգամ հաստատում է, որ բոլոր տարաձայնությունները, բոլոր խնդիրներն այդ օրը պետք է մի կողմ թողնել և անցկացնել ապրիլի 24-ը: Կգա մյուս օրը, կփորձենք գտնել լուծումներ»,-ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Շնորհակալ եմ պարո՛ն նախագահ, Ես վստահ եմ, որ նման առաջարկը մեր ժողովրդի կողմից ընկալելի կլինի: Չափազանց կարևոր օր է, և մենք խնդիր ունենք հերթական անգամ աշխարհին ապացուցելու, որ մենք՝ հայերս, նպատակները և դեմ նպատակները, որոնք ունենք, կարող ենք նստել և տրամաբանական պայմանավորվածության գալ, դա անհրաժեշտ է: Եվ ես վստահ եմ, որ մենք լուծում կգտնենք»,-ասել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպման մասնակիցներին շնորհակալություն է հայտնել հնչեցրած կարծիքների և իր առաջարկությունը սատարելու համար: Հանդիպման ավարտին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ԶԼՄ-ների առջև հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»:

Նմանատիպ նյութեր