211652_close_icon
views-count2419 դիտում article-date 15:37 27-03-2018

Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության մարտական պատրաստության բաժնի պետ փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրեններ։ Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն իր խոսքում ընդգծել է․ Նկատի ունենալով անցյալ տարվա հրդեհների բռնկման փորձը և հաշվի առնելով, որ առջևում հրդեհավտանգ ժամանակաշրջան է, կարևոր է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը։ Մանուկյանն առաջարկել է կարողությունների հստակեցում կատարել, սահմանել հրդեհաշիջման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկ, իրավիճակի գնահատում կատարել, գործողությունների պլաններ մշակել՝ հնարավոր հրդեհների կանխարգելման ուղղությամբ։ Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համատեքստում Մանուկյանը կարևորել է նաև մարզպետարանների ներգրավվածությունը՝ հավելելով, որ նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հրդեհներից հետո պարզ է դարձել նաև, որ հրդեհաշիջման ընթացքում իրականացվող աշխատանքների կոորդինացման անհրաժեշտություն կա։ Անտառտնտեսությունների տնօրենները մտահոգություն են հայտնել, որ հրդեհները հիմնականում բռնկվում են անտառամերձ համայնքային տարածքներում, հետո մուտք գործում անտառ և այս պարագայում անհրաժեշտ է, որ ԱԻՆ-ի կողմից միջամտություն լինի. համապատասխան տեխնիկայի կիրառում՝ անտառային տարածքներ հրդեհի մուտքը կանխելու համար, քանի որ անտառտնտեսություններում եղած ռեսուրսները շատ հաճախ չեն բավարարում։ ԱԻՆ-ի աշխատակիցները եղած դժվարությունները վերացնելու, համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանն իր հերթին «Հայանտառ»-ին է ներկայացրել որոշակի առաջարկներ, որոնք միտված են արդյունավետ փոխգործակցության իրականացմանը։ Խորհրդակցության ընթացքում նաև ընդգծվել է անտառային տարածքներում բջջային կապի բացակայության հարցը։ Հանդիպման ավարտին որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ինչպես ԱԻՆ-ի, այնպես էլ անտառտնտեսությունների աշխատակիցներ։

Նմանատիպ նյութեր