211652_close_icon
views-count2815 դիտում article-date 16:47 22-03-2018

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետներն այցելել են Հայաստան

Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը: Նա կարևորել է Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը: Պրոֆեսոր Քոթանջյանի ներկայացմամբ՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելի ու ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի ադապտացմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան: Հյուրերին ներկայացվել է 2017 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԱՀՀ-ում իրականացված ներգերատեսչական վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացի հիմնական արդյունքները, ինչպես նաև ՊԱՀՀ-ի կողմից մշակված միջգերատեսչական ձևաչափով 8-շաբաթյա վերապատրաստման դասընթացի ծրագիրը: Նշվել է, որ 2018 թ. մայիս-հունիս ամիսներին իրականացվելիք դասընթացում ներգրավվելու են պաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների տեղակալները: Հայկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայմանը: ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) եղել է ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության մշակման գիտական համադասողը, իսկ այժմ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՊԱՀՀ-ը կիրառում է այդ գործընթացում ձեռք բերված մեթոդաբանությունն ու գիտելիքները: Հանդիպման ընթացքում զեկուցումով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագիտական խմբի անդամ, կանադացի բրիգադի գեներալ (պաշտոնաթող) Էռնեստ Բենոն ներկայացրել է «Ռազմավարական առաջնորդների կրթություն՝ միջգերատեսչական համագործակցային միջավայրում» վերնագրով դասախոսությունը: Զեկուցումներից հետո ծավալվել է մասնագիտական քննարկում, հյուրերը հարցեր են ուղղել ՊԱՀՀ-ի մասնագետներին: Հանդիպման վերջում ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն իր գոհունակությունն է հայտնել այցից: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Նմանատիպ նյութեր