2795 դիտում
12:00 22-03-2018
Աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկվի որակի ապահովման ֆորումի շրջանակներում
Ապրիլի 16-17-ին տեղի կունենա որակի ապահովման շահակիցների 4-րդ ֆորումը, որն այս անգամ կրելու է «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը։ Ֆորումի կազմակերպիչն է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Միջոցառումը մեկ հարկի ներքո կմիավորի բուհերի և քոլեջների ներկայացուցիչներին, կրթության որակի ապահովման տեղացի և միջազգային մասնագետներին և գործատուներին։
Նպատակն է քննարկման առարկա դարձնել մասնագիտական ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում։
Երկօրյա ֆորումի շրջանակներում կքննարկվեն կրթության որակի ապահովման մարտահրավերները, առանձնակի ուշադրություն կհատկացվի թափանցիկությանը մասնագիտական կրթության ոլորտում, կրթության կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտությանը և արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրմանը։
Բուհերի, գործատուների, ուսանողների և միջազգային փորձագետների մասնակցությամբ կքննարկվի՝ արդյոք ուսանողը ուսումնառության ընթացքում միայն կրթված մարդ է դառնում, թե նաև մասնագետ։
Այս տեսանկյունից կդիտարկվի նախաբակալավրական մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում։ Նշենք, որ նախաբակալավրական կրթությունը նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։
Ֆորումի ուշադրության կենտրոնում կլինեն նաև կրթական ծրագրերի բարելավման, բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մշակած մոդելի կիրառման թեմաները, անդրադարձ կկատարվի ինստիտուցիոնալ հավատարմագրումների երկրորդ փուլի մեկնարկին և սպասվող փոփոխություններին։
Ֆորումը նաև հատուկ հյուրեր է ունենալու արտերկրից, որոնք կներկայացնեն քննարկվող հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները։ Ֆորումի օտարերկրյա զեկուցողներն են լինելու Նիդեռլանդների Թվենթեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի (CHEPS) ավագ գիտաշխատող, ներկայում Դանիայի բարձրագույն կրթության համակարգում արդյունավետության վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրմանը և մշտադիտարկմանն աջակցող փորձագետ Դոնալդ Վեսթերհեյդենը և Միացյալ Թագավորության Բորնմութի համալսարանի դոցենտ, կրթության կառավարմանը նվիրված ութ գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ Ջենիֆեր Ան Մունը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
970 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1207 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ