211652_close_icon
views-count5699 դիտում article-date 10:39 22-03-2018

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում մեծացնել Հայաստանին ու Արցախին տրամադրվող օգնության չափը. «Ամերիկայի ձայն»

Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4309355.html]«Ամերիկայի ձայնը[/url]»: Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմեց կոնգրեսական Բրեդ Շերմանը. «Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախետի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ»: Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով: Լսումների ընթացքում անդրադառնալով նախկին ԽՍՀՄ մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ կոնգրեսական Թեդ Փոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը հատկապես Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային. «Արդյոք դրանք կընթանան ռուսական արջի ուղղությամբ, թե՝ դեպի Արևմուտք»: Կոնգրեսականի խոսքով, այդ երկրներում իրական ժողովրդավարության զարգացումն ու կոռուպցիայի վերացումը ոչ միայն մարդասիրական այլև՝ քաղաքական կարևորագույն խնդիր է Միացյալ Նահանգների համար:

Նմանատիպ նյութեր