211652_close_icon
views-count6122 դիտում article-date 15:38 13-02-2018

Դեսպան Մինասյանը մասնակցել է Կլուժ-Նապոկայի արվեստի թանգարանում Ռումինիայի Հայոց միության նվիրյալ Միրչա Տիվադարի մեծարման ու պարգևատրման արարողությանը. ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ

Փետրվարի 8-ից 10-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի Կլուժ նահանգի Կլուժ-Նապոկա և Գեռլա (նախկինում՝ Արմենոպոլիս) քաղաքներ, որտեղ ունեցավ մի շարք հանդիպումներ և մասնակցեց տարբեր միջոցառումների: Փետրվարի 8-ին Կլուժ-Նապոկայի արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց միության տեղական մասնաճյուղի երկարամյա ու անխոնջ նվիրյալ Միրչա Տիվադարի մեծարման ու պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ՌՀՄ տեղական մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին, Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտ. պրոֆ. Լուչիան Նաստասե-Կովաչը, համայնքի և տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նույն օրը դեսպան Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի հետ այցելեց Կլուժ նահանգի Արվեստի դպրոցում բացված Հայաստանի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես: Փետրվարի 9-ին դեսպան Մինասյանը հանդիպում ունեցավ Բաբեշ-Բոյայի համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս, պրոֆ. Իոան-Աուրել Պոպի հետ` քննարկելով համալսարանի Հայագիտության ինստիտուտի գործունեության ակտիվացման, այնտեղ հայոց լեզվի և պատմության դասընթացների կազմակերպման, ԵՊՀ հետ համագործակցության աշխուժացման հնարավորությունները:Զրուցակցին ողջույններ փոխանցելով ԵՊՀ ռեկտորի անունից՝ դեսպան Մինասյանը ռեկտոր Պոպին հրավիրեց հաջորդ տարվա մայիսին այցելել Հայաստան` ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Կլուժի նահանգային խորհրդում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ փոխնահանգապետ Իշտվան Վակարի հետ` քննարկելով Ռումինիայի Կլուժ նահանգի և Հայաստանի Արմավիրի նահանգի միջև համագործակցության խորացման, տնտեսական ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ տեղական ռադիո-հեռուստաընկերությունների ղեկավարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` քննարկելով հայաստանյան լրատվամիջոցների հետ համագործակցության հնարավոր ասպեկտները: ՀՀ դեսպանը TVR հեռուստաալիքին տվեց ընդարձակ հարցազրույց, որը եթեր կհեռարձակվի օրերս: ՀՀ դեսպանն այցելեց նաև Տրանսիլվանիայի Ազգագրական թանգարան, որտեղ ավանդաբար կազմակերպվում են հայկական երեկոներ, ցուցահանդեսներ, տարբեր միջոցառումներ և զրույց ունեցավ թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջեանի հետ: Փետրվարի 10-ին դեսպան Մինասյանն այցելեց Գեռլա քաղաք, որտեղ հանդիպեց տեղի հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին, եղավ Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում (1776թ.), որը համարվում է աշխարհում ամենամեծ հայ կաթոլիկ տաճարը: Գեռլայում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ` քննարկելով Գեռլա և Հայաստանի Իջևան քույր-քաղաքների միջև հետագա համագործակցության ծավալման հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր