«Սերը միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է, անգամ Թրամփին». Ագոպ կեղծանունով ֆրանսահայ երաժիշտ
Ֆրեդ Ազիլազյանը՝ հայտնի հայկական Ագոպ կեղծանունով, երաժշտության մեջ ամենակրքոտն է, ինչպես մեր շատ ֆրանսահայ հայրենակիցներ: Սիրում է խառնել՝ կլինի դա ֆոլկ, էլեկտրո, արևելյան երանգներ, թե դուդուկի մեղմ հնչյուններ:
Ազիլազյանն ամենակեր երաժշտական ախորժակ ունի: Նա կլանում է ոչ միայն հայկական դուդուկը՝ իր երաժշտության մեջ, այլև բարձր մակարդակով ներկայացնում է Ֆրանսիայում: Փետրվարի 9-ին տեղի կունենա նրա առաջին «Songs of Good Hope» ալբոմի շնորհանդեսը:
«Սերը՝ միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է, անգամ Թրամփին»,- ասում է Ֆրեդը: Նրան ոգեշնչում է իր ճանապարհորդությունները և սիրելի էակը, անգամ Հարութ Փամբուկչյանը, ում երաժշտության տակ առիթ են ունեցել պարելու ընկերներով:
Անդրադառնալով «Songs of Good Hope» ալբոմին՝ Ֆրեդն ընդգծում է, որ չի մոռացել իր հայեցիությունն արտահայտել այս ալբոմում՝ օգտագործելով դուդուկը, ոչ այնպես ինչպես արդեն օգտագործում են, այլ ավելի ժամանակակից տարբերակով:
Ազիլազյանը շատ անգամ է ուղևորվել Հայաստան՝ իր արմատները գտնելու ցանկությամբ: Սակայն այս անգամ ցանկանում է վերադառնալ՝ համագործակցության և համերգային շրջագայությունների նպատակով:
Ֆրեդը ծնվել և մեծացել է Մարսելում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ: Արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում, այնուհետև France 2-ում ունեցած ուղիղ ելույթից հետո՝ նրա առաջին «You Light up my way» սինգլը iTunes-ում հայտնվել է լավագույն թոփ վաճառքի՝ թոփ երեսնյակում: