3658 դիտում
19:53 07-02-2018
Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները: KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում ընտրվել է նշված 3 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիում, որի հետ համատեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը կպատրաստեն գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման գործում աջակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործակցությունը գյուղատնտեսական մյուս ճյուղերում ևս: Կարեն Կարապետյանը, ներկայացնելով այս բնագավառում նախաձեռնված բարեփոխումները, նշել է, որ կառավարության նպատակն արդյունավետ, խելացի գյուղատնտեսություն ունենալն է, որի կարևոր բաղադրիչներից մեկն ապահովագրությունն է: Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ապահովագրական բիզնեսի ռիսկերի նվազեցման նպատակով այժմ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր:
Հայաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ գյուղապահովագրության ծրագիրը նորարարական է, հեռանկարային, և ԳԴՀ կառավարությունը պատրաստ է շարունակել օժանդակել ՀՀ կառավարությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար:
KfW-ի ներկայացուցիչ Մոնիկա Գյունթները ողջունել է ՀՀ կառավարության՝ գյուղոլորտում երկարաժամկետ, կայուն զարգացման ծրագրեր իրականացնելու քաղաքականությունը և նշել, որ Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը խորացնելու և երկարաժամկետ հեռանկարային նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Կենտրոնական բանկի, ապահովագրական շուկայի ներկայացուցիչների և միջազգային փորձագետների միջև կայանալիք քննարկումների օրակարգի և հետագա քայլերի շուրջ:
Փորձնական ծրագրի շրջանակում KfW բանկի կողմից տրամադրվելու է 5 մլն եվրո դրամաշնորհ և նույն չափով համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
910 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21418 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու