211652_close_icon

Մեր թոռներն ազատ կլինեն այս ամենից, նրանց համար այս ամենը միմիայն պատմություն կլինի. «Առավոտ»

views-count3782 դիտում article-date 10:41 03-02-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ի՞նչ են ասելու 50 տարի անց մեր անցած 25 տարվա մասին: Այդ հարցն ինձ հուշեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, երբ ինձ հարցազրույց էր տալիս: Քանի որ ես 110 տարի հաստատ չեմ ապրի, այն, ինչ ես հիմա ենթադրում եմ, հնարավոր չի լինի «իմ երեսով տալ»: Դրա համար որևէ բան վստահորեն չեմ կարող ասել: Հաստատ է մի բան՝ այն էմոցիաները, որոնք մենք հիմա ապրում ենք, 50 տարի անց մեր քաղաքացիների համար անկարևոր և անհետաքրքիր կթվան: Օրինակ՝ իմ օրգանիզմում քիմիական ռեակցիաներ են առաջանում, երբ ես լսում եմ կամ կարդում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը: Հասկանում եմ, որ դա սխալ է, վատ է, պրոֆեսիոնալ չէ, բայց ոչինչ չեմ կարող անել իմ օրգանիզմի հետ: 50 տարի հետո, ենթադրում եմ, նա ընկալվելու է որպես Հայաստանի երկրորդ նախագահ, և նրան դնելու են առաջին և երրորդ նախագահների շարքում թե՛ դրական առումով (Արցախի ազատագրում), թե՛ բացասական (կոռուպցիա, սոցիալական ծանր վիճակ): Հասկանում եմ, որ այսօր իմ ենթադրությունը կարող է դուր չգալ երեք նախկին (երեքի մասին էլ շուտով հնարավոր կլինի ասել՝ «նախկին») նախագահներից մեկի կողմնակիցներին կամ նրանց, որոնք երեքի նկատմամբ ատելությամբ են լցված: Նրանք, ինչպես և ես, ղեկավարվում են հույզերով: Մեր թոռներն ազատ կլինեն այս ամենից, նրանց համար այս ամենը միմիայն պատմություն կլինի: Այս ամենը հիշեցի, որովհետև մոտակա օրերին նշվելու է (կամ չի նշվելու) Արցախյան շարժման 30-ամյակը: Եվ ես համոզվում եմ, որ 30 տարին սառը, օբյեկտիվ գնահատականի համար քիչ է: Գլխավոր պատճառն այն է, որ այդ շարժման առաջնորդներից շատերը ոչ միայն ողջ են (Աստված նրանց երկար կյանք տա), այլև ասպարեզում են՝ գոնե ձևական առումով: Խոսքը, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի և Աշոտ Մանուչարյանի մասին է: Եթե նրանք քաղաքականության մասին ինչ-որ, ճիշտ թե սխալ, դատողություններ են անում, ապա, բնականաբար, ունեն նաև ընդդիմախոսներ: Եվ ուզած-չուզած սկսվում է արդի քաղաքականության մասին բանավեճը, որն անպայման անդրադառնում է 1988 թվականի մեր ընկալման վրա: Մյուս պատճառն այն է, որ Հայաստանում առայժմ մթնոլորտ են ստեղծում մարդիկ, որոնց կյանքի կեսն անցել է Սովետի ժամանակ: Այդ մարդկանց մեծ մասն այս 25 տարում տուժել է, զրկվել է բարեկեցիկ կյանքից, շատերը գնացել են երկրից, և նրանց այդ նեղվածությունն իր դրոշմն է թողնում Արցախյան շարժման ընկալման վրա՝ «մենք լավ էինք ապրում, եկան ՀՀՇ-ականները և ամեն ինչ քանդեցին»: Ինձ երբեք «Շարժման տղա» չեմ համարել՝ զանգվածային միջոցառումներն ինձ սրտամոտ չեն: Բայց Արցախյան շարժման հանդեպ իմ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է: Դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր