211652_close_icon
views-count2810 դիտում article-date 13:57 27-01-2018

Արա Բաբլոյանը մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 27-ին մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նախաձեռնել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Ողջունելով մասնակիցներին` խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարքում շատ կարեւոր են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները: Արա Բաբլոյանը կարեւորել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որի նպատակը երկրում դրանց ավելի մատչելի եւ հասցեական դարձնելն է: «Պետության սոցիալական ռազմավարության կենտրոնում մարդն է, հետեւաբար, յուրաքանչյուր բարեփոխման թե՛ թիրախը, թե՛ հասցեատերը քաղաքացին է: Սա նշանակում է, որ կատարվող քայլերը պետք է լինեն կշռադատված եւ հստակ, հատկապես, երբ վերաբերում են չափազանց զգայուն սոցիալական ոլորտին»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: Ըստ ԱԺ նախագահի` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է բացահայտել տվյալ ընտանիքի խնդիրները, ճանաչել, գնահատել կարիքները եւ առաջարկել համարժեք սոցիալական ծառայություններ: Այսինքն՝ օգնել հենց այն քաղաքացուն, որն իրականում կարիքավոր է, եւ ծառայությունները մատուցել՝ ըստ անձի գնահատված կարիքների: «Ես սա ասում եմ որպես մարդ, ով անմիջականորեն եւ գործնականում է առնչվել այս ինստիտուտի ձեւավորմանը, ով ավելի քան 25 տարի առաջ ստեղծելով համապատասխան բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ առաջին անգամ բժշկական հաստատությունում ներդրեց սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- նշել է Արա Բաբլոյանը: Կարեւորելով սոցիալական աշխատողի դերը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աստիճանաբար մարդկանց մեջ ավելի է արմատավորվում այն մտածողությունը, որ սոցիալական աշխատողը նյութական օգնություն բաժանող չէ: Նա կոչված է համակողմանիորեն ուսումնասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց եւ կազմակերպել ընտանիքին դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթաց: Արա Բաբլոյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծել է, թե որքան կարեւոր է բարեփոխումը, որը համակարգված ձեւով քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն է ուղղված: Ըստ նրա` կլինի մեկ վայր, մեկ պատուհան, որտեղ քաղաքացին կստանա բոլոր սոցիալական խնդիրների պատասխանները: Նախարարը կարեւորել է նաեւ մեկ միասնական շտեմարանի ներդրումը՝ նշելով, որ այն գործընթացի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր