3820 դիտում
17:36 19-01-2018
«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է». Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 19-ին, այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը: Վարդան Արամյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, հիմնականում իրականացվել են:
2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով: Վ.Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ (օրենքների նախագծերի փաթեթը 2017 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում կայացած նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ), ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ:
2017 թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով, կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով: 2017 թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1417.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.2 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 13,0 տոկոսով։ Զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 180.2 մլրդ դրամ՝ ՀՆԱ 3.3 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։
Վարչապետը հանձնարարել է հանրությանը հնարավորինս շուտ իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ. «Այն, ինչ մենք օրենքով բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք, այն, ինչ մենք կառավարության որոշմամբ ընդունել ենք, դրանով դրել ենք մի ծանրաձող, որպեսզի մոտիվացիա լինի: Դա մեր ներքին փաստաթուղթն է. այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այդ այն գերակատարել ենք, անպայմանայդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի առջև, որն ԱԺ-ում հաստատվել է»:
Վարչապետին զեկուցվել է նախարարության ոլորտային ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել հարկային օրենսդրության կատարելագործմանը և միջազգային հարկային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, որոնք նախատեսվում է շարունակել նաև 2018 թվականին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մշակել մեխանիզմ՝ ֆիլտրելու բոլոր այն օրենքները, որոնք առնչություն ունեն ֆինանսների ոլորտի հետ, եթե նույնիսկ այդ օրենքի հեղինակը ֆիննախը չէ: «Վերջին ֆիլտրացիան անում է ֆինանսների նախարարությունը, որտեղ մենք այդ ամբողջը կոորդինացնում ենք», - ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադարձ է եղել ծրագրային բյուջետավորման գործընթացին, որի շրջանակում 2018 թ., ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է նաև բարձրացնել ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկությունը և ԾԻԳ-երի հետ կապված բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ՝ նաև նախնական հսկողության համակարգերը կիրառելու ուղղությամբ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական բերենք, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»:
ՀՀ վարչապետին ներկայացվել է նաև 2017 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեսանյութ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
21:48 24-12-2019
2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 185 միլիոն դոլարով. ՀՀ վարչապետ
3074 դիտում
15:17 07-05-2017
Վիետնամի ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»