Ռուսաստանը 5-րդ անգամ արտաքսել է «օրենքով գող» Գիզոյին
Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը վճիռ է կայացրել «օրենքով գող» Գիզոյին՝ 40-ամյա Գիզո Կարդավային երկրից արտաքսելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Primecrime.ru կայքը։
Վերջինս քրեական շրջանակներում առավել հայտնի է «Գիզո Գալսկի» մականվամբ։
Գիզոյի՝ ՌԴ տարածքում գտնվելու անցանկալիության և նրա մուտքն այդ երկիր ցմահ արգելելու մասին որոշումը ստորագրել է ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
«Օրենքով գողին» ձերբակալել են նախօրեին, «Վնուկովո» օդանավակայանի տարածքում։ Նույն օրն էլ նրան ուղարկել են Ստամբուլ, իսկ արտաքսումը թվով հինգերորդն է։
Ձերբակալման ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է նոր անձնագիր՝ «Գրիգորի Գվարամիա» անվամբ, որը նրան էր տրամադրել Կիպրոսում Վրաստանի դեսպանատունը։
Կայքը նշում է, որ իր տվյալներով՝ «գողական կլանը», որին պատկանում է Գիզոն, ինչպես նաև նրա եղբայր Գելան և աներ Մերաբ Մզարելուան, ծրագրում է առաջիկայում հավաքվել Թուրքիայում՝ իր ողջ կազմով։ Ամենայն հավանականությամբ հանդիպումը կայանալու է հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչներից Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ։