2018-ին Արցախում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Արցախում կպահպանվի ներկա ստատուս քվոն.
«Կարծում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից և դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որևէ մեկի շահերից»:
Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը.
«Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ և զզվելի քաղաքականություն է»:
Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաև կարգավորման բացակայություն.
«Պետք է ասեմ նաև, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որևէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»:
Այդ մոտեցումը կիսում է նաև ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը.
«Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաև առաջիկա գարնանը որևէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»:
Իրավիճակը սակայն կարող է փոխել որևէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը.
«Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»:
Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով, Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել:
Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեև Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
