Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 20-ի
Իրանում այս գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է ևս 9 մարդ։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 20-ի։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով PressTV-ին։
Զոհերից 6-ը մահացել են Իսֆահան նահանգի Քահդարիջան քաղաքում ոստիկանական կետի վրա կատարված հարձակման ժամանակ, որտեղից փորձել են զենք գողանալ։
Խոմեյնիշահր քաղաքում մահացել է 11-ամյա աղջնակ և 20-ամյա երիտասարդ, իսկ Նեջաֆաբադում՝ Իսլամական հեղափոխության կորպուսի 1 ծառայող։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Պատճառ է հանդիսացել գնաճը և երկրի ծանր տնտեսական վիճակը։
Ինչպես հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին, դժգոհությունների ալիքը ոչ միան ներքին խնդիրներով են պայմանավորված, այլ նաև արտաքին դրդումներով։
Այս պահին կա 400-ից ավելի ձերբակալված։