211652_close_icon
views-count4155 դիտում article-date 15:19 28-12-2017

Ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը կսահմանափակվի

Կառավարության նիստում այսօր ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված մեր Ընտրական օրենսգիրքը պարունակում էր մի շարք դրույթներ, բայց այս փոփոխություններով առաջին հերթին ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց պարագայում կիրառվում են նախընտրական քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներ: Մասնավորապես, եթե մենք նախկինում ունեինք հանրային ծառայողներ, հիմա անդրադարձ ենք կատարում առողջապահական և բժշկական կազմակերպություններին, տարբեր տիպի ուսումնական հաստատություներին, նախադպրոցական հաստատություններին: Եվ ամրագրում ենք, որ խոսքը ոչ միայն վերաբերում է նրան, որ իրենց լիազորություններն իրականացնելիս իրենք իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնելու, այլ նաև ի պաշտոնե գործելիս: Սա էական տարբերություն է»,- ասաց նախարարը: Երկրորդ, նման սահմանափակումներ են տարածվելու նաև պետական կամ համայնքային հիմնարկների աշխատակիցների վրա և այն հաստատությունների վրա, որոնց 20 տոկոսից ավելի բաժնեմասը պատկանում է համայնքին կամ պետությանը: «Կա դրույթ նաև, որը վերաբերում է նրան, երբ անձին հարկադրում են մասնակցել քարոզչությանը կամ չմասնակցել: Մենք համարելով, որ սա շատ լուրջ ու վտանգավոր արարք է, այն քրեականացնում ենք: Ավելին, որոշակի նորմերով մենք նաև խստացնում ենք պատասխանատվությունը և համարում ենք որակյալ հանցակազմ այն դեպքերում, երբ օգտագործվում է ծառայողական կամ այլ տիպի կախվածությունը, երբ որևէ կազմակերպության սեփականատերը հարկադրում է իր աշխատակիցներին այս կամ այն ձևով մասնակցելու կամ ձեռնպահ մնալու նախընտրական քարոզչությանը»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր