362174 դիտում
09:56 20-12-2017
Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել է 53 ավտոմեքենա, վթարված ավտոմեքենաների երկարությունը կազմում է 1,5 կմ, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաները ուլունքի նման շարված են մոտ 1.5 կմ, ու վարորդներն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած լինելը, մինչդեռ վթարից հետո նոր միայն բարեհաճել են տեղի ճանշինի աշխատակիցները ու սկսել են ճանապարհին լցնել աղ ու ավազ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վարորդները դեպքի վայրում բողոքում են նաև, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները չեն ժամանել, սակայն մի մասն էլ հակառակն է պնդում։
ՃՈ-ն պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Էդիկ Շահսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենաների մեծ մասի անվադողերն ամառային են, մի մասինն էլ, ժողովրդի լեզվով ասած, քաչալ, մինչդեռ տևական ժամանակ է՝ Ճանապարհային Ոստիկանությունը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի անցնեն ձմեռային անվադողերի, սակայն որոշ վայ-վարորդներ անտեսում են այդ հորդորներն ու վերջում կանգնում փաստի առջև։
Մի քանի վարորդներ էլ ասում էին, որ սկզբից 2 ավտոմեքենա են բախվել իրար, և ճանշինականները հորդորել են նրանց, որպեսզի ավտոմեքենաները դուրս բերեն վթարի վայրից, քանի որ ոչ միայն մառախուղ է, այլև վաղորդյան ցողը սառել է, սակայն վթարում հայտնված վարորդները հրաժարվել են մեքենաները դուրս բերել՝ պատճառաբանելով, թե սպասում են ԱՊՊԱ-ին, ինչից հետո էլ «աջաբսանդալային» վթարը տեղի է ունեցել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+