Ռոբեր Պիրես. «Ռեալի» ու ՊՍԺ-ի բախտը չբերեց
Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք «Ռեալ»-ՊՍԺ դիմակայությանը:
«Այս զույգը եզրափակիչի է նման: «Ռեալը» նվաճել է Չեմպիոնների Լիգայի վերջին երկու տիտղոսը, իսկ ՊՍԺ-ն շատ ուժեղ թիմ ունի՝ մեծ պոտենցիալով և մրցաշարում հաղթելու լավ հնարավորություններով: Եթե ֆուտբոլիստների անուններին նայենք, ապա կարող է թվալ, թե սա եզրափակիչ է:
Երկուսի բախտն էլ վիճակահանության կամոք չբերեց: Իհարկե, «Ռեալը» մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է, նրանք բարձրակարգ թիմ, հիանալի մարզիչ ունեն, Կրիշտիանու Ռոնալդու՝ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը: Հնարավոր է, որ նրանք նաև ավելի մեծ փորձ ունեն, քան՝ մրցակիցը:
Սակայն փարիզցիները ահռելի գումարներ են ծախսել Նեյմարի ու Մբապեի վրա, որպեսզի իրապես պայքարեն Չեմպիոնների լիգայի համար: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նրանցից ոչ ոք գոհ չէ վիճակահանությունից», ասել է Պիրեսը: