211652_close_icon
views-count4755 դիտում article-date 17:24 09-12-2017

ԵՊԲՀ-ում սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը

ԵՊԲՀ-ում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները: Ծրագիրն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը ծանոթացան ծրագրի շրջանակում վերանորոգված և վերազինված լսարանային պայմաններին, զրուցեցին սովորողների հետ: Բժիշկ և ոչ բժիշկ մասնագետների համար մեկ տարի տևողությամբ կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստումը ժամանակի պահանջն է: Նրա խոսքով այս ծրագրի նպատակն է մեր երկրում ներդնել ու զարգացնել «հոսպիտալ մենեջմենթի» գաղափարը , ինչպես նաև ժամանակակից կրթական ծրագրերի միջոցով պատրաստել առողջապահության կազմակերպիչներ: «Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ նշեց, որ այս բուհի հետ համագործակցությունը պատահական չէ, քանի որ բժշկական համալսարանը, թե´ տեղացի, թե´ օտարերկրացի ուսանողների թվով առաջատար բուհերից է: Առողջապահության ոլորտում արդեն 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը վստահ է, որ դասընթացի շնորհիվ համատեղ ուժերով կհաջողվի ստեղծել բուժհաստատությունների կառավարման նոր՝ հայկական մոդել: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ: Դասերը շաբաթական 2 անգամ են` ուրբաթ և շաբաթ օրերին: Մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի, ինչպես նաև արտերկրից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: [b]ԵՊԲՀ լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր