ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժություններն են սկսում
Կորեական թերակղզում գերլարված իրավիճակի ֆոնին Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան սկսում են համատեղ զորավարժությունները՝ Vigilant ACE անվանումով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Չնայած Միացյալ Նահանգների, միջազգային ողջ հանրության հորդորներին՝ Հյուսիսային Կորեան շարունակում է փորձարկումները միջուկային զենք ստանալու ուղղությամբ:
Հարավային Կորեայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս զորավարժությունները պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները կլինեն, որոնց շրջանակում ներգրավված է 230 ինքնաթիռ, ընդ որում՝ 6 F-22 կործանիչ:
Նշենք, որ Հարավային Կորեայում առկա է ամերիկյան 28 500 հոգանոց ռազմական ներկայություն, ինչը միտված է երկիրը Հյուսիսային Կորեայի հնարավոր ագրեսիայից պաշտպանելուն:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել էր «Հվասոն-15» հրթիռը, որը կարող է թիրախը խոցել մինչև 13 հազար կմ հեռավորությամբ և ծածկել ԱՄՆ ողջ տարածքը: