211652_close_icon
views-count3149 դիտում article-date 21:04 21-11-2017

Միջնորդագիր է ուղարկվել Լոռու մարզպետին՝ առաջարկելով գործուն քայլեր ձեռնարկել՝ բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ։ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ ծննդկանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ 32-ամյա կինը՝ առաջնածին ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան: Նրան ցուցաբերված բժշկական օգնության ընթացքում հնարավոր խախտումները պարզելու համար վարույթն իրականացնող մարմինը նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հանձնաժողովի կազմում մասնակցել են բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների նեղ մասնագետներ։ Քրեական գործով ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տրվել ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ մանկաբարձ-գինեկոլոգներն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ուսումնասիրվել են նաև ցուցաբերված բժշկական օգնության որակի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումները, որոնց արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը կրում է շարունակական և պարբերական բնույթ, ինչի արդյունքում հասարակության շրջանում առաջանում են դժգոհություններ, նվազում վստահությունը ոչ միայն կոնկրետ բժշկական կենտրոնի, այլև՝ Լոռու մարզի տարածքում գործող բոլոր բժշկական կենտրոնների նկատմամբ ընդհանրապես: Մանրամասն ներկայացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանը մարզպետին միջնորդել է քննարկման առարկա դարձնել դրանք և ձեռնարկել գործուն միջոցներ` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ու բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար: [b]ՀՀ քննչական կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր