211652_close_icon

Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցներում սովորում են բարձր ունակություններով երեխաներ, ինչո՞ւ. Ա. Բախշյան

views-count4422 դիտում article-date 18:33 15-11-2017
Ներկայացնում ենք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. «Հարգելի պարոն Թաթոյան, Ըստ 2017թ. մարտի 17-ին հաստատված հաստիքացուցակների ու տարֆիկացիոն ցուցակների Երևանի ենթակայության տակ գործող 3 հատուկ՝ Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ/օժանդակ/», Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ/օժանդակ/», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 կրթահամալիր» դպրոցներում սովորել են 299 աշակերտներ, իսկ ըստ 2017-ի հոկտեմբերի 19-ի տվյալների այդ 3 դպրոցներում սովորում են 310 աշակերտներ, ինչպես ցույց են տալիս թվերը՝ սովորողների թիվը այս հատուկ դպրոցներում ավելացել է: Սա ևս երկրում աղքատության ավելացման ցուցանիշ է, նշանակում է արտագնա աշխատող ծնողների թիվն է ավելացել, նշանակում է երկրիս վիճակն է վատացել: Այդ դպրոցների տարիֆիկացիոն ցուցակներում «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ» տողերի դիմաց ոչ մի թիվ գրված չէ, որտեղից կարելի է ենթադրել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ այնտեղ չկան, այսինքն նրանք չունեն կրթության առանձնահատուկ պայմանի կարիք, բայց սովորում են հատուկ դպրոցներում: Ամենայն հավանականությամբ նրանք ուղղակի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, որոնք ունեն այլ, սոցիալական ապահովության կարիքներ: Դա իսկապես այդպես է, որովհետև մասնավորապես Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 հատուկ (օժանդակ) դպրոցի» մասին օրերս «Ես կամ» հաղորդումն եմ տեսել http://kentron.tv/programs/entertaining/es-kam/15135.html, որտեղ խոսող երեխաները իրենց արտահայտած մտքերի պայծառությամբ մեկը մեկին չէին զիջում, բայց պարզապես դժբախտ էին, որովհետև ընտանիքում չեն, ծնողների հետ չեն ապրում: Այդ երեխաներին հնարավոր չէր առանց հուզմունքի լսել: Կարծում եմ Դուք էլ պիտի նայեք, որպեսզի պատկերացնեք, թե պետությունը ըստ կարողությունների նրանց կրթության սահմանադրական իրավունքը չիրացնելով, ինչպես է հարվածում նրանց մարդկային արժանապատվությանը, ինչպիսի վիրավոր հոգով են նրանք կյանք մտնելու: Այդ երեխաներն, իրենց մտավոր կարողություններով, իմ ու պաշտոնյաների երեխաներից բոլորովին պակաս չեն, բայց դպրոցն ավարտելիս, ի տարբերություն մեր երեխաների, նրանք կստանան Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 կամ թ.2 հատուկ (օժանդակ) դպրոց»-ի վկայական կամ չունենալով խոսքի ծանր խանգարում՝ «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող հ.8 կրթահամալիր» դպրոցի: Ինչո՞ւ: Սա երեխայի իրավունքի կոպտագույն խախտում է, իրավունքի ոտնահարում, որի համար նույնպես առաջարկում եմ դիմել Սահմանադրական դատարան: Հիմա պարզ թվաբանություն անեմ, այդ 3 դպրոցների տարեկան բյուջեն 2017-ի առաջին կիսամյակում եղել է 283.661.004 դրամ, այսինքն յուրաքանչյուր երեխայի բաժին է ընկնում 948.700 դրամ, երկրորդ կիսամյակում, 2017-ի հոկտեմբերի 19-ի տվյալներով 3 դպրոցի բյուջեն կազմել է 282.262.920դրամ, ուրեմն յուրաքանչյուր երեխայի բաժին է ընկել 910.526 դրամ: Այս տարի մոտ 38000 դրամով նվազել է նրանց ֆինանսավորումը, սակայն նույնիսկ նվազած վիճակում հատուկ դպրոցի երեխա թվով ֆինանսավորումը 7.5 անգամ գերազանցում է հանրակրթական դպրոցի աշակերտ թվով ֆինանսավորմանը, գերազանցում է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում վկայագրված երեխաների բարձրացված չափաքանակին, որը տրվում է երեխայի առանձնահատուկ պայմանն ապահովելու համար: Ի՞նչ հատուկ պայման է ապահովվում հատուկ դպրոցի առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող երեխաների համար, որ չէր ապահովի հանրակրթական դպրոցը: Կրթական՝ ո՛չ մի, ապահովել են քնելու տեղով և սնունդով, իսկ պետությունը դրանք բավարարում է կրթության բյուջեից: Ուրեմն ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե այդ հատուկ դպրոցներին 7.5-ապատիկ ֆինանսավորելու փոխարեն, օգնեին ընտանիքին, որպեսզի երեխան ընտանիքում մեծանար ու սովորեր հանրակրթական դպրոցում և ստանար ո՛չ մտավոր թերզարգացում ունեցող դպրոցի վկայական: Մի՞թե այդքան դժվար է ԿԳ և Սոցիալական ապահովության նախարարություններին իրար մոտ գալ, համագործակցել ու երեխայի իրավունքի տեսակետից գտնել նրա շահը: Կրկնում եմ, ո՛չ իմ, ո՛չ, վարչապետի, ո՛չ քաղաքապետի երեխաներն այդ երեխաներից լավը չեն, նրանք էլ ունեն հանրակրթական դպրոցի վկայական ստանալու նույն իրավունքը, ինչ որ՝ մերոնք: Հետևաբար, Երևանի քաղաքապետից պետք է պահանջենք մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներից առնվազն մեկը՝ Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 հատուկ (օժանդակ) դպրոց»-ը վերակազմավորել մանկավարժահոգեբանական կենտրոնի, որը տարաբնույթ ծառայություններ կտրամադրի ցանկացած երեխայի իր սովորական միջավայրում, որի կարիքը շատ կա Երևանում: Այս առաջարկն արդեն արել եմ Երևանի զարգացման 2018թ. ծրագրում ու ամեն կերպ պաշտպանելու եմ: Կից ներկայացնում եմ Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների հաստիքացուցակներն ու տարիֆիկացիայի ամփոփ ցուցակները: Շնորհակալություն համագործակցության համար»:

Նմանատիպ նյութեր