ՀՀ տրանսպորտի նախարարությունում գործող «Թեժ գծով» բարձրացված բոլոր խնդիրները համապատասխան լուծում են ստացել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. հոկտեմբերին ստացվել է 115 հեռախոսազանգ:
Նախարարության «թեժ գծին» զանգահարած քաղաքացու դժգոհությունը վերաբերում էր Երևան-Սամարա ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությանը, որի տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով ուղևորները ստիպված են եղել ճանապարհը շարունակել սեփական միջոցներով, իսկ ընկերությունը չի վերադարձրել նախապես խոստացած գումարը:
ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան-Սամարա միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերութունը պարտավորվել է փոխհատուցել քաղաքացուն պատճառած դրամական վնասը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկտվական տեխնոլոգիաների նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար:
Զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ դժգոհել է շինարարության պատճառով Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8-րդ կիլոմետր հատվածում գոյացած անհարթություններից: Ճանապարհը սպասարկող «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել խնդիրը և համապատասխան լուծում տալ:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 26 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները բոլոր դեպքերում պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 87 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]