211652_close_icon
views-count1038 դիտում article-date 15:39 29-07-2014

Երևանի քաղաքապետարանը «Թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացված հարցերի մեծ մասին լուծում է տվել

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ: Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերված 9 դեպքի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով շուրջօրյա հսկողություն իրականացնել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 179 և 100 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 201 հարց, մյուս հարցերն էլ ընթացքի մեջ են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր