29502 դիտում
16:27 06-11-2017
ՊՈԱԿ-ը ներկայացրել է ֆոնդերի արծաթյա բարձրարժեք գոտիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոտին, որպես հագ ու կապի մաս, հայ ժողովրդի կենցաղում լայն կիրառություն ու կարևոր նշանակություն է ունեցել:
Ավանդական հագուստի համալիրում գոտին բազմաֆունկցիոնալ ու խորհրդանշական դերակատարում է ունեցել։
Գոտին, որպես հագուստի մաս, ունեցել է տարբեր գործառույթներ․ նախ կիրառական, ապա սոցիալական, ծիսական, պաշտպանական, խորհրդանշական (օրինակ կարմիր գոտի գործածել են բացառապես ամուսնացած կանայք), նաև` էսթետիկ, գեղագիտական նշանակություն։ Տղամարդկանց համար գոտին եղել է նաև իշխանության նշան։
Մետաղական` հոծ արծաթե, ոսկե, ոսկեջրած և միայն մետաղական ճարմանդ ունեցող գոտիները պատրաստվել են ձուլման, փորագրման, զուգաթելի, սևադապատման, արծնապատման տեխնիկաներով: Հայաստանի տարբեր տարածաշրջանների կամ պատմաազգագրական շրջանների գոտիներն առանձնանում են իրենց բնորոշ տեխնիկայով, ճարմանդի ձևով, զարդանախշերով ու զարդահամալիրով։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, ազգագրագետ Կարինե Բազեյանի խոսքով հայկական ավանդական հագուստի համալիրում գործածվել են բազմատեսակ գոտիներ․ «Օգտագործվել են տարբեր նյութերից` մետաղից, կաշվից ու բազմատեսակ գործվածքներից՝ բրդից, բամբակից, մետաքսից պատրաստված գոտիներ։ Գործածել են նաև հատուկ տեխնիկայով գործված բրդյա, մետաքսյա զարդանախշ գոտիներ։
Հայկական հագուստի համալիրում աչքի են ընկնում Բարձր Հայքի կանանց կարմիր ու դեղին հյուսածո մետաքսե գոտիները, որտեղ երկրաչափական տարբեր պատկերների հետ նաև նվիրաբերական արձանագրություններ են եղել։ Գոտիներ օգտագործել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ երեխաները, ընդ որում` տարբեր տարիքի ու խավերի։ Իհարկե երեխաների հագուստի մեջ ավելի շատ պարանների ձևով են եղել՝ հագուստը ամրացնելու համար, մինչդեռ` մեծահասակների հագ ու կապի մեջ գոտին հատուկ դեր ու նշանակություն է ունեցել»։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդի անբաժան մասն են Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին պատրաստված արծաթե գոտիները։ Դրանք տեղափոխվել են Դիլիջանի և Հառիճի թանգարաններից և 1988 թ.-ից պահվում են ՊՈԱԿ-ի ֆոնդերում։ Այդ ժամանակներից մինչև այսօր ՊՈԱԿ-ի ֆոնդում պահվող արծաթե գոտիները երբևէ չեն ցուցադրվել։
«Մեր արծաթե գոտիները մշակութային բարձրարժեք գործեր են, որոնց վրա կան վարպետների կնիքները, ինչի միջոցով էլ որոշվել է գոտիների ժամանակաշրջանը»,- ասում է Կարինե Բազեյանն ու ավելացնում,- «ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արծաթե գոտիներն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, ինչն արտահայտվում է պատրաստման եղանակի, զարդանախշերի և ճարմանդի ձևի մեջ։ Ալեքսանդրապոլինը հաստ գոտիներ են, որոնք կազմված են ճարմանդից, արծաթե սնամեջ զարդանախշ կտորներից, որոնք անցկացվում են կաշվե ժապավենի վրա այնպես, որ, մեկը մյուսին ամրանալով, թույլ են տալիս ճկվել, բայց կապելուց հետո այն երևում է որպես ամբողջական արծաթե գոտի։ Դրանք ունեն թամբաձև ճարմանդ, իսկ զարդատախտակների ներքևի հատվածը եզերված է նուրբ արծաթե ժանյակաձև հյուսքով, որը բնորոշ է հենց այս տարածաշրջանին։ Մեր ֆոնդերի գոտիները բացառապես տղամարդկանց գոտիներ են, ինչի մասին վկայում է դրանց հաստությունը»։
Հնում թագավորներն ու այլ բարձրաստիճան անձինք կրել են շքեղ, ադամանդակուռ գոտիներ։ Ունևոր խավը գոտին կապել է հատկապես հանդիսավոր օրերին։ Երբեմն գոտուն վերագրվել են մոգական հատկություններ, այն օգտագործվել է իբրև չարախափան հուռութ, բարենպաստ թալիսման։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
18:28 07-04-2015
Երիտասարդական նվագախմբի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ հանրությանը ներկայացվում է բարձրարժեք մշակույթ
3518 դիտում
22:48 05-02-2018
Բարեկարգվող այգին համալրվելու է բարձրարժեք նոր ծառերով
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am