«Շիրակը» հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման (0:1) միջադեպի առիթով:
«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը:
Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը [url=http://www.armsport.am/hy/news/2017/10/29/A-Khashmanyan/835303]Armsport.am[/url]-հետ զրույցում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել.
«Խաղի ընթացքում ինձ տալիս էին խուլիգանական և անպարկեշտ հայհոյանքներ, խփել են նաև քարերով:
Երբ մրցավարն ազդարարեց խաղի ավարտը, անպարկեշտ հայհոյանքները շարունակվեցին ու հարձակվեցին ինձ վրա: Անգամ անվտանգությունը միջամտեց, իսկ հարձակումը շարունակվում էր:
Նման սադրանքների վերջը պետք է լինի: Ես ամբողջ ընթացքում խաղի մեջ եմ եղել... այդ սադրանքներն իրենց բնորոշ է: Այսօր գագաթնակետն էր: Երբ ոստիկանը միջամտում է, ու շարունակում են «Շիրակից» մարդիկ հարձակվել ու փախնել, դա նորմալ չէ:
ՀՖՖ-ն պետք է միջոցներ ձեռնարկի»,- ասել է Խաշմանյանը: