211652_close_icon
views-count53687 դիտում article-date 14:22 28-10-2017

Արտակարգ դեպք Դիլիջանում. մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ»-ի «Պարզ լիճ» տեղամասում հսկողություն իրականացնողների վրա, 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ-առևտրային կազմակերպության «Պարզ լիճ» կոչվող տեղամասում տեղակայված «Պանտերա Սեքյուրիթի» պահնորդական ՍՊԸ-ին պատկանող անշարժ հենակետի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք հարձակվել են այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների վրա, ինչի հետևանքով Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Արթուր Քոքոբելյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են վիճաբանողների շրջանակը և Ա. Քոքոբելյանին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը. նա Հաղարծին գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Բաբինյանն է, ով ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, առավոտյան 05։00-ի սահմաններում կամավոր ներկայացել է Դիլիջանի Ոստիկանություն։ Փաստի առթիվ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ա. Քոքոբելյանին տրվել է դատաբժշի ուղեգիր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր