211652_close_icon
views-count3636 դիտում article-date 21:51 19-10-2017

«Ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք». վարչապետն ընդունել է NSF-FAST միջազգային աշխատաժողովի մասնակիցներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային աշխատաժողովը նախաձեռնելու համար և նշել, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող նման կարևոր քայլերի հետ: «Մենք կարծում ենք, որ ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք: Ոչ միայն պատրաստ ենք, այլև մեր ողջ ներուժով կանենք հնարավոր ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու և առաջընթաց արձանագրելու համար», - նշել է կառավարության ղեկավարը: NSF-FAST աշխատաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին՝ համագործակցության և աջակցության պատրաստակամության համար ու նշել, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ՝ աշխարհում տեխնոլոգիապես առաջատար դիրք զբաղեցնելու, աճ ու զարգացում արձանագրելու համար: Նրանք գոհունակություն են հայտնել այսօր աշխատաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընթացքի և արդյունքների կապակցությամբ, որոնք բավական արդյունավետ են եղել՝ կապեր հաստատելու և ոլորտի զարգացման հնարավորությունները քննարկելու առումով: «Մենք՝ պաշտոնյաներս, թարմ որոշումներ կայացնելու, թարմ հայացքով ամեն ինչին նայելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ի դեմս FAST հիմնադրամի, այս միջավայրը մեզ համար մշտապես առաջ մղող ուժ, անկախ դիտորդ լինի: Մենք բաց ենք և պատրաստ մաքսիմալ արձագանքել ձեր կողմից բարձրացվող հարցադրումներին, որովհետև եթե այս անգամ էլ բաց թողնենք այն նոր հնարավորությունը, որը երկրներին տրվում է արագ փոփոխություններ անելու համար, կարող ենք կորցնել հնարավորությունը: Այդ իսկ պատճառով, եթե կա մի հարթակ, որտեղ գեներացվում են գաղափարները, և պաշտոնյաներից պետք է աջակցություն, մենք պատրաստ ենք դա անել», - անդրադառնալով FAST-ի գործունեությանը՝ ասել է կառավարության ղեկավարը: Հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաներ-կրթություն-գիտություն կապի ապահովմանը և արդյունավետ շղթայի ձևավորմանը, այդ համատեքստում Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացմանը, առկա ներուժի լիարժեք իրացմանը, Հայաստանի թվային օրակարգի իրագործմանը, տեխնոլոգիական կրթության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և պայմանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր