Պանամայում տոն է հայտարարված, իսկ ԱՄՆ-ում սուգ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վարելան հայտարարել է, որ այսօր երկրում ոչ աշխատանքային օր է:
Պատճառը այդ երկրի ազգային հավաքականի պատմական նվաճումն է, որը առաջին անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
«Սա ազգային տոն է լինելու: Սա պատմական օր է մեր երկրի համար: Սա ոչ աշխատանքային օր է լինելու պետական սեկտորի համար:
Դպրոցներում դասերը կչեղարկվեն, որպեսզի մարդիկ կարողանան այս հաջողությունը տոնել ընտանիքներով», գրել է Վարելան իր թվիթերում:
Պանամայի հավաքականը վերջին տուրում 2:1 հաշվով հաղթեց Կոստա-Ռիկային և ԱԱ-2018-ի ուղիղ ուղեգիր նվաճեց: Ճակատագրի հեգնանքով, պանամացիների առաջին գոլը հաշվեցին մրցավարական աբսուրդ որոշումից հետո:
Փոխարենը իսկական սուգ է ԱՄՆ-ում, որի հավաքականը վերջին տուրում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց անհուսալի ետնապահ Տրինիդադ և Տոբագոյից, և 1986 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի աշխարհի առաջնությունը: